ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելը թույլ չի տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) այցելել պաղեստինցի բանտարկյալներին, սակայն այդ հարցի շուրջ գաղտնի երկխոսություն է ընթանում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Ֆաթիմա Սատորը։
«Իսրայելի իշխանությունը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին որոշում է կայացրել դադարեցնել ԿԽՄԿ այցելությունները կալանավայրեր մինչև հետագա ծանուցումը։ Այդ ժամանակվանից ԿԽՄԿ-ն չի կարողացել այցելել Իսրայելի կալանավայրերում պահվող պաղեստինցիներին։ ԿԽՄԿ-ն երկկողմանի և կոնֆիդենցիալ երկխոսություն է վարում իրավասու մարմինների հետ այս կարևորագույն հարցի շուրջ», - պատասխանել է նա հարցին, թե արդյոք կազմակերպությունը կարողացել է այցելել Գազայում իսրայելցի զինվորների կողմից վերջին օրերին ձերբակալված տասնյակ պաղեստինցի տղամարդկանց:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: