Գյումրու մաքսակետում կայանման թանկացումը հիմնավորված չէ. պատգամավորները դժգոհ են

Գյումրու մաքսակետ
Գյումրու մաքսատանը, որը նախատեսված է նախատեսված է 2300 տրանսպորտային միջոցի համար, այժմ մոտ 1300 մեքենա կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավորները մաքսային մարմին կողմից տրանսպորտային միջոցների կայանման համար դրույքաչափերը միջինում 3 անգամ թանկացնելը հիմնավորված չեն համարում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագծով առաջարկվում է ավտոտրասնպորտային միջոցների համար դրույքաչափերը վերանայել` մարդատար ավտոմեքենայի համար գանձել 5000 դրամ գործող 1600 դրամի փոխարեն։ Նշվում է, որ նախատեսվում է սահմանել ավելի բարձր դրույքաչափ, որպեսզի ավտոներկրողները տարածքները որպես ուղղակի կայանման վայր չօգտագործեն։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց, որ հակասություններ կան նախագծում։
«Դուք ասում եք, թե օրական 500 մեքենա հնարավոր է սպասարկել, մաքսային ծառայությունն էլ իր աշխատանքը պատշաճ կատարում է, այդ դեպքում մեքենաների պահպանման տուրքն ինչո՞ւ է բարձրացվում։ Դրա պատճառով շատանալու են այն անձինք, որոնք կցանկանան արագ մաքսազերծում անել։ Ինքներդ ձեզ հակասում եք, եթե ձեր նպատակը ֆիսկալ չէ։ Ավտոներկրողների համար ֆինանսական բեռն ավելացնում եք, բայց պատճառը չհիմնավորված է։ Գյումրու մաքսակետից 1,5 մլրդ ավելի փող եք ուզում ստանալ, «ստայանկի» գնի թանկացումը հիմնավորված չէ»,– նշեց Մինասյանը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ի պատասխան շեշտեց, որ այսօր մինչև 160 մեքենա է գալիս Հայաստան, բայց 130-ն է ներկայացվում մաքսազերծման, ինչից էլ կուտակումներ են առաջանում։ Փոխնախարարի խոսքով` հնարավորություն կա 500 մեքենա սպասարկելու, բայց դիմողները չեն գալիս, հետևաբար իր ասածն ու նախագիծը միմյանց չեն հակասում։
Մանուկյանը նաև նշեց, որ այժմ Գյումրու մաքսատանը, որը նախատեսված է 2300 մեքենայի համար, մոտ 1300 մեքենա կա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ հետաքրքրվեց` եթե Գյումրու մաքսայինում հերթ չկա, ապա մեքենաների կայանման գինն ինչու են 1600 դրամից նախատեսում դարձնել 5000 դրամ։
«Ձեզ մոտ հերթեր են գոյանում, որովհետև դուք չեք կարողանում ժամանակին սպասարկել։ Ձեր գործը լավ չեք անում, ավտոներկրողներն էլ ստիպված օրական 5000 դրամ պետք է վճարեն»,– ասաց Ավետիսյանը։
Քննադատությանն արձագանքելով` Մանուկյանը նշեց, որ այսօր Գյումրու մաքսատանը հերթեր չկան, սպասարկումն իրականացվում է պատշաճ կերպով` չնայած հոսքի ավելացմանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ընդգծեց, որ շատ վատ և ժամանակավրեպ օրենք է։
«Այսօր մոտ 50%–ով է ծանրաբեռնված այդ կայանատեղին, հետևաբար խնդիր չկա։ Թաքուն կարելի է մտածել, քանի որ կիսով չափ է ծանրաբեռնված, ուզում եք 1600 դրամը դարձնել 5000 դրամ, որպեսզի լիքը եղած ժամանակվա գումարը լրացնեք։ Կոչ եմ անում հնարավորինս լավարկել այս օրինագիծը»,– ասաց Աղազարյանը։
ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ընդգծեց, որ մեքենա ներկրող, սակայն չմաքսազերծող քաղաքացիները դրանք սեփական օգտագործման համար չեն բերում, այլ վերավաճառելու։ Հնարավոր է նաև, որ ներկրողը մեքենան սեփական օգտագործման համար է բերել, բայց այդ պահին մաքսազերծելու համար գումար չունի։ Նա առաջարկեց ավելի մեղմացուցիչ դրույթներ սահմանել` ավելի երկար ժամանակով թույլ տալ, որ մեքենաները կայանեն անվճար կամ վերանայեն տուրքի չափը։
Նախագծում նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների շնորհիվ տարածքների առումով խնդիրները կպակասեն, մաքսային մարմինների կողմից վարչարարության արդյունավետությունն էլ կբարձրանա։ Մաքսակետում կայանելու սակագներն այժմ ավելի ցածր են, քան մոտակա կայանատեղիներում, այդ պատճառով էլ մարդիկ չեն շտապում դուրս բերել մեքենաները: