ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի և Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյի հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու ներդրումային ծրագրերի խթանումը, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Խավիեր Միլեյը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին իր երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։
«Ես եղել եմ Հայաստանում և ծանոթ եմ Հայաստանին, վստահ եմ, որ մենք ավելի կխորացնենք ու սերտացնենք մեր հարաբերությունները»,-նշել է Արգենտինայի ընտրված նախագահը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյի հանդիպումը
© Photo : official site of the President of RA
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Խավիեր Միլեյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք հայ-արգենտինական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Արգենտինայի բարձրագույն ղեկավարությանն այն աջակցության համար, որը վերջին տարիներին ցուցաբերվում է Հայաստանին, մենք միշտ զգում ենք Արգենտինայի ներկայությունը մեր երկրում»,- ասել է նախագահը։
Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը Խավիեր Միլեյին իր և ՀՀ վարչապետի անունից հրավիրել է Հայաստան, ինչին ի պատասխան Արգենտինայի ընտրված նախագահը նշել է, որ սիրով կայցելի Երևան հնարավորության դեպքում և այդ կերպ առավել նպաստելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են պետական կառավարման համակարգում շարունակական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:
Դեկտեմբերի 9–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահՆ աշխատանքային այցով մեկնել է Արգենտինա նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։