Պուտինն ու Նեթանյահուն 50 րոպե զրուցել են հեռախոսով. ԶԼՄ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
Վլադիմիր Պուտինը և Բենյամին Նեթանյահուն երկրորդ զրույցն են ունեցել Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկսվելուց ի վեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր երկար հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է իսրայելական Kan ռադիոկայանը` հղում անելով վարչապետի գրասենյակին։
Ռադիոկայանի տվյալներով` խոսակցությունը տևել է մոտ 50 րոպե։
Սա երկու առաջնորդների երկրորդ հեռախոսազրույցն է Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումից ի վեր:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: