Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին մոտ 3,5 հազար բեռնատար է կուտակվել

Լեհերի բողոքի պատճառով Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված դրոնների բաղադրիչների մատակարարումը երկու-երեք շաբաթով ուշանում է։
Sputnik

Արդեն մոտ 3,5 հազար բեռնատար է կուտակվել լեհ-ուկրաինական սահմանին, հայտնում է RT-ն։
Նշվում է, որ բանակցությունները խնդրի լուծմանը չեն հանգեցրել։
AP-ն գրում է, որ լեհերի բողոքի ակցիաների պատճառով անօդաչու թռչող սարքերի համար բաղադրիչների մատակարարումը երկու-երեք շաբաթով ուշանում է։
Ավելի վաղ ուկրաինական սահմանի շրջափակմանը որոշել էին միանալ հունգարացի բեռնատարի վարորդները։
Նոյեմբերի 6-ին լեհ փոխադրողներն արգելափակել են Ուկրաինայի հետ սահմանին գտնվող երեք հիմնական անցակետերը` «Յագոդին-Դորոխուսկ»-ը, «Կրակովեց-Կորչևա»-ն և «Ռավա- Ռուսկայա - Ռիժենե»-ն։ Նոյեմբերի 23-ին նրանց ավելացավ չորրորդը` «Մեդիկա- Շեգինին»։ Բեռնատարների վարորդները ստիպված են օրերով կանգնել կիլոմետրեր ձգվող հերթերում։ Ոմանք փորձում են շրջանցիկ ճանապարհներ փնտրել, ինչը հանգեցնում է հարևան երկրներում կուտակումների։
Ցուցարարները պահանջում են չեղարկել ԵՄ-ի կողմից ուկրաինացի փոխադրողներին տրամադրված արտոնությունները, վերականգնել ուկրաինական առևտրային բեռնատար տրանսպորտի պարտադիր լիցենզավորման նախկին կարգը և չեղարկել ուկրաինական տրանսպորտային ընկերություններին անցյալ տարվա փետրվարի 24-ից հետո տրված թույլտվությունները։