Կրեմլը ներկայացրել է Պուտինի և Նեթանյահուի երկարատև զրույցի մանրամասները

Պուտինի և Նեթանյահուի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Պուտինը հաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու սկզբունքային դիրքորոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել խաղաղ բնակիչների տառապանքները թեթևացնելու և հակամարտության դեէսկալացիայի համար: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Փոխադարձ շահագրգռվածություն է արտահայտվել հետագայում ևս փոխգործակցել Ռուսաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների տարհանման, ինչպես նաև Գազայում պահվող իսրայելցիների ազատ արձակման հարցերում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինը վերահաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու և դատապարտելու սկզբունքային դիրքորոշումը:
Բացի այդ, կարևորել է, որ ահաբեկչական սպառնալիքներին հակազդելը ծանր հետևանքներ չառաջացնի քաղաքացիական բնակչության համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ 50 րոպե զրուցել է հեռախոսով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: