ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը

Աբու Դաբին. Արխիվային լուսանկար
ԱՄԷ-ն ընդգծում է տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում երկխոսության կարևորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին շրջանում ձեռնարկվող քայլերը և դրական զարգացումները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄԷ-ի ԱԳՆ–ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄԷ ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու երկրների միջև համաձայնեցված վստահության ամրապնդման միջոցները և հույս հայտնում, որ այս նախաձեռնությունը կնպաստի կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ողջ կովկասյան տարածաշրջանում ժողովուրդների հետագա զարգացմանը։
«ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված բոլոր միջոցառումներին, որոնք ամրապնդում են անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում և նպաստում կայուն կարգավորմանը, որը երկու երկրների միջև կառուցողական համագործակցության նոր շրջան է նախաձեռնում»,– ասված է հաղորդագրությունում:
ԱՄԷ-ն ընդգծում է համագործակցության և երկխոսության կարևորությունը` տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։
Նշվում է նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է. Սարգիս Խանդանյան
Ավելի վաղ այս հայտարարությունը ողջունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։