Պետք է շատ ուժեղ ռեզերվ ձևավորվի. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Առաջիկայում սպասվում էնաև Պարեկային ոստիկանության ծառայության հետ կապված Օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ավարտը և բացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Պարեկային ոստիկանությունում պետք է շատ ուժեղ ռեզերվ ձևավորվի, Փրկարար ծառայությունում, ինչպես և ոստիկանությունում ծառայելը պետք է լինի ամենահեղինակավոր աշխատանքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը
«Ըստ էության, մենք սրանով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը գործում է բոլոր տեղերում, բոլոր անկյուններում: Այս առումով, շատ կարևոր է այս նոր ծառայության գործարկումը, որը նոր է նույնիսկ նոր ստեղծված Պարեկային ոստիկանության մեջ, որովհետև ծառայությունը հիմնականում կապված է լինելու Սևանա լճի վրա և ափամերձ տարածքներում իրականացվող իրավապահ գործունեության հետ»,–ասել է Փաշինյանը։
Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը
Փաշինյանն ասել է, որ ներքին գործերի նախարարության տրամաբանության մեջ առաջիկայում պետք է իրականացվեն Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության բարեփոխումներ, պետք է հիմնվի Ոստիկանության գվարդիա, ՆԳՆ ակադեմիան նոր որակ և շունչ ստանա:
Նիկոլ Փաշինյանը, Վահե Ղազարյանը և այլ պաշտոնյաներ Սևանա լճում Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը
Առաջիկայում սպասվում էնաև Պարեկային ոստիկանության ծառայության հետ կապված Օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ավարտը և բացումը:
Նշենք, որ Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը ներկա են եղել նաև ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք:
Ջրային պարեկային ծառայության մեկնարկը Սևանա լճում
Հավելենք, որ Պարեկային ծառայության մասնագիտական ստորաբաժանման ծառայողների հետ Սևանա լճում դասընթացներ են իրականացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչները։
Երևան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տրամադրած նավերը, իսկ ամերիկացի գործընկերների հետ իրականացվել են ուսումնական գործընթացներ և մոդուլների մշակումներ։
Անհրաժեշտ մնացած գույքը՝ նավեր, սկուտերներ, ռադիոկապի միջոցներ, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացների ձեռքբերումը, ինչպես նաև մոդուլային շենքերի կառուցումն ու կահավորումն իրականացվել և իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով։