Վտանգավոր է. ընդդիմադիրները ծանոթացել են խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանի խոսքով` առաջարկներին ծանոթանալն ամրապնդել է իրենց բոլոր մտավախությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ծանոթացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին և համոզվել, որ այն վտանգավոր փաստաթուղթ է։ Մանուկյանն այդ մասին հայտնել է ֆեյբուքյան իր էջում։
«Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ 2 երկրի վերջին առաջարկներին: Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը` թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,– գրել է Մանուկյանը:
Նշենք, որ նրա հետ եղել են նաև պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։