Թուրքիան ուզում է, որ Ադրբեջանի և ՀՀ–ի միջև խաղաղության պայմանագիրը շուտ ստորագրվի. ԱԳՆ

Բաքուն և Երևանը դեկտեմբերի 7–ին հրապարակեցին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ որոշումներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ–ն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Բաքուն և Երևանը հրապարակել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որում հաղորդվում էր երկրների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի հասնելու մտադրության մասին: Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել «շոշափելի քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման ուղղությամբ»: Բաքուն ազատ է արձակել 32 հայ զինծառայողի, Երևանն իր հերթին ազատ է արձակել երկու ադրբեջանցի զինծառայողի:
«Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, որը կդառնա Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն իրադարձություններից մեկը, հնարավորինս շուտ ստորագրվի», - ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։