ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթգծերի վերականգնման արժեքի վերաբերյալ Հայաստանի իշխանության գնահատականները կտրուկ փոխվել են վերջին երկու տարիների ընթացքում:
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերին Civilnet-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մոտ 400-500 մլն դոլար կարժենա։ Մասնավորապես, ըստ նրա, Հրազդան-Իջևան-Ղազախ-Աղստև երկաթուղու վերականգնումը գնահատվում է 318 մլն դոլար, Երասխ-Հորադիզ (Նախիջևանով և Սյունիքով)՝ 61,5 մլն դոլար, իսկ Գյումրի – Ախուրյան կայարանը (Թուրքիայի հետ սահման- խմբ.)՝ 8-9 մլն դոլար։
Հատկանշական է, որ 2021 թվականի դեկտեմբեր - 2022 թվականի փետրվար ամիսներին երկաթգծի երեք հատվածների վերականգնումը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գնահատականներով, շատ ավելի թանկ է գնահատվել։ Եվ այսպես, Հրազդան-Իջևան-Ադրբեջանի սահման հատվածի վերականգնումը գնահատվել է 496 մլն դոլար։
Դա 1,5 անգամ (56%-ով) ավելի թանկ է, քան այժմ գնահատվում է։ Երասխ-Հորադիզ երկաթուղու վերականգնումը գնահատվել է 226 մլն դոլար։ Դա 3,7 անգամ ավելի թանկ է, քան հիմա։ Գյումրի-Թուրքիայի սահման հատվածի վերականգնումը 2022 թվականին գնահատվել է 16,8 մլն դոլար, ինչը ներկայիս գնահատականներից մոտ 2 անգամ բարձր է։
Ի դեպ, եթե հաշվի առնենք դոլարի փոխարժեքի տատանումը (2023 թվականի նոյեմբերին այն կազմել է մոտ 395 դրամ, իսկ 2021 թվականի դեկտեմբեր-2022 թվականի ապրիլ ամիսներին՝ 488-485 դրամ), տարբերությունը դրամով ավելի մեծ է ստացվում։
Հայաստանից Թուրքիա և Ադրբեջան երկաթուղու վերագործարկման արժեքը
© Sputnik / Zara Mika