ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Եվրահանձնաժողովը հաջորդ տարի Պաղեստինին 125 մլն եվրո կհատկացնի մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Քանի որ Մերձավոր Արևելքում հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, Եվրահանձնաժողովը 2024 թվականին 125 միլիոն եվրո կհատկացնի Պաղեստինի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս նոր ֆինանսավորումը կուղղվի հումանիտար կազմակերպությունների աջակցությանը, որոնք աշխատում են ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Հորդանան գետի Արևմտյան ափին»,– ասված է ԵՀ–ի հաղորդագրությունում։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ 2023 թվականին Պաղեստինի համար մարդասիրական օգնությունն ավելացրել է մինչև 100 միլիոն եվրո:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: