ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը ներառում է երկու երկրների զինծառայողների ազատ արձակման մասին կետեր, քայլ է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման, ինչպես նաև սահմանազատմա և սահմանագծման ուղղությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կովկասի բաժնի ղեկավար Վադիմ Մուխանովը։
«Այս ամենը տեղավորվում է այն հայտարարությունների մեջ, որոնք վերջերս արել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Մասնավորապես, Հայաստանի վարչապետն ասում էր, որ իրենք հիմա շատ մոտ են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Մյուս կողմից, ադրբեջանական կողմը բազմիցս ասել է, որ ցանկանում է համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ: Հասկանալի է, որ դա հենց այդ փաստաթղթին ընդառաջ քայլ է», -նշել է Մուխանովը։
Փորձագետի խոսքով՝ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարության մեջ «փոխվստահության ամրապնդման քայլերի» մասին կետը «միջազգային փաստաթղթի դասական բառերն են, նման բառակապակցություն կարելի է գտնել վստահության ցածր մակարդակ ունեցող երկրների միջև ստորագրվող տասնյակ փաստաթղթերում»:
Ավելի վաղ Երևանն ու Բաքուն տարածել էին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը, որում ասվում էր, որ Բաքուն ազատ կարձակի 32 հայ գերիների, իսկ Երևանը՝ երկու ադրբեջանցի զինվորականի: Հայտարարության համաձայն, Երևանն ու Բաքուն կշարունակեն բանակցությունները մոտ ապագայում վստահության հաստատման լրացուցիչ միջոցառումների իրականացման շուրջ և միջազգային հանրությանը կոչ են անում աջակցել իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու երկրների միջև փոխվստահության հաստատմանը։