Առևտրով զբաղվող ընկերությունը պետբյուջե է վերադարձրել շուրջ 413 մլն դրամ. ՔԿ

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը նախաքննությամբ պետբյուջե է վերականգնել նախկինում չվճարված շուրջ 413 մլն դրամ հարկի գումարը և հաշվարկված տույժերը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական ծառայությունը։
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սուրճի, ձեթի, մակարոնի և պարենային այլ ապրանքների առևտրով զբաղվող «Պ.Ֆ.» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, պակաս հարկեր վճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2022 թվականի օգոստոս ամիսը ներառյալ թաքցրել են ընկերության շուրջ 1 130 000 000 դրամի շրջանառությունը։
Նրանք վաճառքներ իրականացնելիս դուրս չեն գրել հարկային հաշիվներ և չեն տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ։
Կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 358 մլն դրամ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։