Պերուի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել բանտից ազատել երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին, որը 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել մարդու իրավունքների խախտման մեղադրանքով:
Նախկին նախագահը բանտից դուրս է եկել թթվածնային սարքով։ Լիմայի բանտի դարպասների մոտ նրան դիմավորել են փաստաբանն ու երկու զավակները, որոնցից մեկը` Կեյկո Ֆուխիմորին նույնպես զբաղվում է քաղաքականությամբ և երեք անգամ առաջադրվել է Պերուի նախագահի պաշտոնում:
Ալբերտո Ֆուխիմորին Պերուն ղեկավարել է 1990-2000 թվականներին։ Նա երկրում ավտոկրատիայի ռեժիմ էր հաստատել։ Խոշոր կոռուպցիոն սկանդալից հետո Ալբերտո Ֆուխիմորին փախել էր Պերուից և հրաժարականի դիմում գրել Ճապոնիայից: Մի քանի տարի անց նա եկել էր Չիլի, որտեղ նրան ձերբակալել էին և արտահանձնել Պերուին։
Ֆուխիմորին ազատազրկման մի քանի ժամկետ էր ստացել կոռուպցիայի և իշխանության չարաշահման մեղադրանքով: Ամենաերկար ժամկետը՝ 25 տարվա ազատազրկումը, նա ստացել էր 2007 թվականին՝ «մահվան էսկադրոններ» կազմակերպելու համար, որոնք պատասխանատու են 1990-ականների սկզբին 25 մարդու սպանության համար: 2017-ի դեկտեմբերին Պերուի այն ժամանակվա ղեկավար Պեդրո Կուչինսկին ներում շնորհեց Ֆուխիմորիին, սակայն 2018-ի հոկտեմբերին դատարանի որոշմամբ ներումը չեղարկվեց Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի ճնշման ներքո, Ֆուխիմորիին պարտադրեցին վերադառնալ բանտ: