ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Դատախազությունը կբողոքարկի «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի մեղադրական դատավճիռը։
«Դատախազությունն անհամաձայնություն ունի ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, յուրացմանն օժանդակելու արարք կատարելու համար մեղավոր ճանաչված Նազիկ Ամիրյանի նկատմամբ կիրառված համաներման որոշման հետ. դատական ակտը կբողոքարկվի (Նազիկ Ամիրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատվել ազատազրկման ձևով պատժի կրումից)»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ԵԿՄ նախկին նախագահն ու նրա կինը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։
Մանվել Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, 8 ավտոմեքենա։ Բացի այդ, «Զինվորի բաժին» մակնշմամբ շուրջ 8 հազարի հասնող մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ–ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։ Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ 101 մլն 200 հազար դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ, մինչև դատավճռի կատարումը: