Կրակոցներ Բրյանսկի վարժարանում․ ինչ է հայտնի այս պահին

Ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ
Ողբերգությունը տեղի է ունեցել առավոտյան, երբ դասերն արդեն սկսված են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Բրյանսկի վարժարանում հնչած կրակոցների հետևանքով 2 մարդ է մահացել, 5 դեռահաս վնասածքներ են ստացել և հոսպիտալացվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:
Տուժածներից մեկին՝ 14-ամյա Տիմոֆեյին, արդեն վիրահատում են, նրա վիճակը ծանր է. շատ արյուն է կորցրել։ Բժիշկները պետք է գնդակներ հանեն նրա ձեռքից, կրծքավանդակից և ոտքից: Նախատեսվում են խորհրդակցություններ դաշնային կլինիկաների հետ։
Կրակողը 8ա դասարանի աշակերտուհի է եղել՝ 14-ամյա Ալինան, որըդպրոց է տարել հոր հրացանը, նրա մոտ նաև որսորդական դանակ է եղել։ Աղջիկը դասասենյակ է մտել 09:15-ին, երբ արդեն սկսվել էր կենսաբանության դասը:
RT -ի տվյալներով՝ 14-ամյա Ալինան նախ կրակել է համադասարանցի աղջիկներից մեկի ուղղությամբ, ապա ինքնասպան է եղել՝ մինչ այդ ևս 5 կրակոց արձակելով:
Դպրոցի պահպանությունը վստահված է անվտանգության մասնավոր ձեռնարկության․ քննիչները պետք է պարզեն, թե ինչպես է աղջիկը զենք մտցրել դպրոց։ Առկա տվյալների համաձայն՝ հրացանը տուբուսի` թղթերի համար նախատեսված գլանի մեջ է եղել։

Ի՞նչ է հայտնի կրակողի մասին

Աշակերտները պատմել են, որ աղջիկն ինքնամփոփ էր և առանձնապես չէր շփվում համադասարանցիների հետ, սոցցանցերում գրանցված չէր: Տելեգրամյան որոշ ալիքների տեղեկություններով` հնարավոր է, որ նա այդ քայլին է գնացել համադասարանցիների հետ կոնֆլիկտի պատճառով. նրանք ծաղրել են աղջկան։
Պարզվել է, որ նա երկվորյակ քույր ունի։ Ոստիկաններն այժմ խոսում են Դաշայի հետ. հնարավոր է, որ նա տեղյակ է եղել քրոջ սարսափելի ծրագրերի մասին: «Shot» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ աղջիկներն առավոտյան միասին դուրս են եկել տնից և գնացել դպրոց։ Դաշան կրակոցների պահին արդեն դասարանում է եղել։
Դասընկերներն ասել են, որ Դաշան նույնպես չշփվող է, ինչպես Ալինան, միաժամանակ քույրերը շատ մտերիմ էին։
Աղջկա հայրը ձերբակալվել է․ հենց նրա որսորդական հրացանով է աշակերտուհին սպանել համադասարանցուն և ինքն իրեն:
Տեղում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։