ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մերժեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանի ներկայացրած` խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը։
Երեկ դատական նիստի ժամանակ ներկայացնելով միջնորդությունը` պաշտպան Արտակ Ոսկանյանը նշել էր, որ այս փուլում չկա որևէ փաստական տվյալ, հանգամանք, մեղադրանքի կողմից ներկայացված որոշում կամ դիրքորոշում, թե ըստ ինչպիսի պատիժ կարող է ներկայացվել Մամիկոն Ասլանյանին։
«Այս տվյալների բացակայությունը հիմք է հանդիսանում, որ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար»,– ասաց նա։
Դատախազն էլ իր հերթին պնդեց, որ կա հավանականություն, որ ամբաստանյալը լինելով ազատության մեջ` կխոչընդոտի գործի քննությանը։ Մասնավորապես` անօրինական ազդեցություն կունենա գործով անցնող վկաների վրա։
Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Նա մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
2022 թ. մայիսի 13–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին: