Թբիլիսին՝ որպես միջնորդ Երևանի և Բաքվի միջև. Կիպիանին գնահատել Է Վրաստանի շանսերը

Վիկտոր Կիպիանի
Վրաստանում կարծում են, որ Հարավային Կովկասի երեք երկրների շահերի մերձեցումը տարածաշրջանը ավելի մրցունակ ու գրավիչ կդարձնի ոչ միայն աշխարհագրական, այլև աշխարհատնտեսական տեսանկյունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Վրաստանը կարող է հաշտարարի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ Թբիլիսիի այդպիսի ցանկությունը միայն ողջունելի է։ Սակայն այս պահին վրացական կողմը բավարար ռեսուրսներ չունի այդ գործառույթն ամբողջությամբ իրականացնելու համար։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Geocase վերլուծական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կիպիանին։
Ավելի վաղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է աշխատել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Նա նաև բազմիցս Թբիլիսին առաջարկել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ:
«Ես զգուշավոր լավատեսությամբ եմ նայում Վրաստանի՝ որպես միջնորդի դերին։ Ամեն դեպքում, բարոյական, հոգեբանական, քաղաքական և գաղափարական տեսանկյունից՝ աջակցություն ցուցաբերելու վրացական կողմի պատրաստակամությունը ողջունելի է»,-ասել է Կիպիանին։
Նրա խոսքով՝ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Վրաստանի խնդիրն է ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում, այնտեղ, որտեղ վրացական աջակցությունն իսկապես անհրաժեշտ է։
Կիպիանին նշեց, որ ներկայումս կարևոր աշխարհաքաղաքական տեղաշարժեր են լինում, որոնք առաջին հերթին պայմանավորված են Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներով:
«Ես հասկանում և գիտակցում եմ, որ ղարաբաղյան պատերազմի արդյունքները մեծ ազդեցություն ունեցան Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Մյուս կողմից, հենց այս արդյունքները նոր հնարավորություններ են ստեղծել։ Առաջին հերթին դա վերաբերում է Բաքվի և Երևանի միջև բանակցություններին, որոնք թեև բարդ են ընթանում, սակայն հույս կա, որ դրանք կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»,-ասել է Կիպիանին։
ՀՀ–ն կարող է ամենակարճ ճանապարհը դառնալ դեպի ԵՄ և ԵԱՏՄ բեռնափոխադրումների համար
Վերլուծական կենտրոնի ղեկավարը նշեց, որ Երևանի որոշ քայլեր և հայտարարություններ արտառոց են, դրանք շատ համարձակ են, եթե հաշվի առնենք այն ժառանգությունը, որը Հայաստանը ստացել է վերջին 30 տարվա ընթացքում: Նա կարծում է, որ հենց «այդպիսի համարձակությունն ու նորարարությունները կարող են իրական արդյունքի հանգեցնել»։
Փորձագետը պարզաբանել է, որ Վրաստանում նույնպես սպասում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա կարծում է, որ դա նախադրյալներ կստեղծի տարածաշրջանում երեք երկրների շահերի մերձեցման համար և գլոբալ առումով այն ավելի մրցունակ, ավելի գրավիչ կդարձնի ոչ միայն աշխարհագրական, այլև աշխարհատնտեսական տեսանկյունից:
Կիպիանին խորհրդանշական է համարում այն փաստը, որ հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ներկայացրել է Վրաստանի մայրաքաղաքում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակում: Նա նշեց, որ Թբիլիսին միշտ էլ միավորող օղակի գործառույթ է կատարել։
Վրացի փորձագետը «Խաղաղության խաչմերուկը» համարում է պրագմատիկ, ռացիոնալ, միջազգային հարաբերությունների միտումներին համապատասխանող՝ «խաղաղություն՝ առևտրի միջոցով»: Նա նշեց, որ հաճախ առևտրային և բիզնես շահերի համաժամանակացումը նպաստում է աշխարհաքաղաքական և քաղաքական խնդիրների լուծմանը:
Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկի» շրջանակներում Հայաստանի և Վրաստանի համագործակցությանը, ապա Կիպիանին կոչ արեց սպասել հստակեցմանը: Նա հիշեցրեց, որ վրացական լոգիստիկ հատվածն արդեն որոշակի դեր է խաղում անդրսահմանային միջանցքներում։
«Միջին միջանցքի» հրավեր. Հայաստանը կարո՞ղ է Անդրկասպյան ճանապարհի մի մասը դառնալ
Հիշեցնենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր 2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում կայացած «Մետաքսի համաժողովի» շրջանակներում։ Հայաստանը պատրաստ է 7 անցակետ տեղադրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին։ Ադրբեջանի հետ՝ Կայան գյուղի մոտ (Տավուշ), Սոթքում (Գեղարքունիք), Քարահունջի և Անգեղակոթի մոտ (Սյունիք), Երասխում (Արարատ), Թուրքիայի հետ՝ Ախուրիկի (Շիրակ) և Մարգարայի (Արմավիր) հատվածներում։
Երևանը նախատեսում է նաև հանրապետության տարածքում վերականգնել 130 կմ ընդհանուր երկարությամբ չորս երկաթուղային հատված: Դրանք են Նռնաձոր-Ագարակ(43 կմ), Երասխ-Նախիջևան (1 կմ), Գյումրի-Թուրքիայի սահման (6 կմ), Հրազդան-Կայան (80 կմ) հատվածները:
«Խաղաղության խաչմերուկի» ամբողջական վերակառուցումը, ըստ ֆինանսների նախարարության նախնական գնահատման, կարժենա 500 միլիոն դոլար: