ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Սուրենավան գյուղում 7 տարեկան տղան մահացել է ընկնելու հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Սուրենավանում թափառող շները հարձակվել են 3 երեխայի վրա, մեկը մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 7 տարեկան Ալիկ Գ.-ն է:
Դեպքը տեղի է ունեցել միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, ժամը 08:30-ի սահմաններում։
«Երեխաները վազել են, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը սայթաքել է, և նա ընկել է սալիկապատ հատակին՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին, որի հետևանքով մահացել է»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: