ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ իրենց հաջորդ հանդիպումը պետք է Մոսկվայում կայանա:
Բանակցությունների սկզբում ՌԴ նախագահը նշել է, որ արքայազնինսպասում էին Ռուսաստանում, սակայն հանգամանքները փոխել են ծրագրերը:
«Բայց հաջորդ հանդիպումը պետք է Մոսկվայում լինի»,-ասել է Պուտինը:
Թագաժառանգը պատասխանել է․ «Անկասկած, մենք պատրաստ ենք»։ «Պայմանավորվեցինք»,-եզրափակել է Պուտինը:
«Ոչինչ չի կարող խանգարել մեր բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Գտնվելով այստեղ՝ այս տարածաշրջանում, Արաբական Միացյալ Էմիրություններում ծրագրված այցով, օգտվեցի ձեր հրավերից՝ գալ և շփվել ձեզ հետ, մեր բոլոր բարեկամների հետ, որոնց հետ վերջին յոթ տարվա ընթացքում մենք իսկապես ակտիվորեն զարգացնում ենք մեր փոխգործակցությունը»,-ավելացրել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին պատմել է պարարտանյութերի արտադրության խոշոր համատեղ ընկերություն ստեղծելու հնարավորության մասին:
ՌԴ առաջնորդ նշել է, որ Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի հետ լավ հարաբերություններ ունի բոլոր ոլորտներում, ներառյալ տնտեսությունը, կարևոր է կարծիքներ փոխանակել տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ:
Ռուս-արաբական հետազոտությունների և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Մաջիդ բին Աբդելազիզ ալ Թուրկին կարծում է, որ ՌԴ նախագահի Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հանդիպումը արդյունավետ և որոշիչ կլինի, թույլ կտա խուսափել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների բացասական հետևանքներից:
Էր Ռիադ այցելելուց առաջ Ռուսաստանի ղեկավարը մեկնել էր ԱՄԷ և բանակցել նախագահ Մուհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել պատվիրակությունների մասնակցությամբ և աշխատանքային նախաճաշի ձևաչափով: