ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. 2024 թ. ՀՀ կառավարությունը ցանկանում է կենսաթոշակների` անկանխիկ եղանակով գործարքների վերադարձի համակարգը կիրառել ՀՀ բոլոր բանկերի դեպքում։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2024 թ. պետական բյուջեի նախագիծը։
Նա նշեց, որ 2024 թ. թոշակառուները ինչպես ստացել են, այնպես էլ կշարունակեն «քեշբեք» ստանալ անկանխիկ գնումների 10 տոկոսի չափով: Եթե հիմա 5%–ը վճարում են բանկերը, իսկ 5%–ը՝ ՀՀ կառավարությունը, ապա հաջորդ տարվանից կառավարությունը կսկսի վճարել ամբողջ 10%–ը։
Այդ պատճառով համակարգին կկարողանան միանալ բոլոր 17 բանկերը, որոնք գործում են երկրում, քանի որ դա նրանցից ոչ մի ծախս չի պահանջի:
«Ենթադրաբար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության համաձայնագրեր կկնքի այդ բոլոր բանկերի հետ»,– հայտարարեց ֆինանսների նախարարը:
Արդյունքում, եթե հիմա գումարների վերադարձի համակարգից օգտվելու համար թոշակառուն պետք է բանկային քարտ ունենա համակարգին միացած չորս բանկերից մեկում, ապա այժմ կարիք չի լինի մի բանկից մյուսը տեղափոխվել:
2024 թ. բյուջեով «քեշբեքի» համար նախատեսվում է 5 անգամ ավելի շատ գումար հատկացնել, քան 2023 թ.՝ 2–ից հասցնելով 10,2 մլրդ դրամի։ Ծրագիրը գործում է 2022 թ. հուլիսի 1–ից:
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ ստանում են գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Կենսաթոշակային քարտերով կատարված անկանխիկ գործառնություններից հետվճարի վճարման համակարգը հաստատվել է կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի որոշմամբ` 2022 թվականի հուլիսի 1-ից։ Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը: