ՀՀ ՊՆ–ն շարունակելու է ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին

ՊՆ փոխնախարարը Գանայում ներկայացրել է միջազգային խաղաղապահության ուժերի պատրաստության ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Գանայում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Գանայում
Հանդիպումն անցկացվել է դեկտեմբերի 5-6-ը Աքրա քաղաքում։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն իր ելույթում հաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին:
«Միջոցառման շրջանակներում Արման Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ծրագրերի և գործողությունների գծով փոխտեղակալ Ռեյչլ Շիլլերի և «Գլոբալ խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի տնօրեն Ջենիֆեր Փուլիամի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,- տեղեկացնում են ՊՆ-ից:
Արման Սարգսյանը հանդիպել է նաև խաղաղապահության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ։ Պաշտոնյային նա ներկայացրել է միջազգային խաղաղապահության ուժերի պատրաստության ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հանդիպումները Գանայում
Նշենք, որ ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպումը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ։ Հանդիպման նպատակն է միջազգային խաղաղապահության խնդիրների վերաբերյալ քննարկումների անցկացումը։