ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սպառողական շուկայում 2023 թ. նոյեմբերին 12–ամսյա գնանկումը (2023 թ. նոյեմբերը 2022 թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 0.5%։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Կոմիտեից միաժամանակ նշում են, որ 2023 թ. հոկտեմբերի համեմատ նոյեմբերին գրանցվել է 0.5% գնաճ:
ՀՀ սպառողական գներ, 2023 թվականի նոյեմբեր
© Sputnik / Vahram Mkrtchyan
ՀՀ բոլոր քաղաքներում 2023 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.3–0.8%–ով։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում: Մայրաքաղաք Երևանում սպառողական գներն աճել են 0.5%-ով:
ՀՀ սպառողական գները նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են մասնավորապես սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում` 0.1%, ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների շուկայում` 8.5 %, հագուստի և կոշիկի շուկայում` 5.6 %, առողջապահության ոլորտում` 3.2 %, տրանսպորտի ոլորտում` 0.7 % և այլն։
Կոմիտեից նաև նշում են, որ 2023 թ. հունվար–նոյեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1%, մինչդեռ 2022 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ։
Ինչ վերաբերում է պարենամթերքին, ապա 2023 թ. նոյեմբերին 2022 թ. նոյեմբերի համեմատ մակարոնեղենի գները նվազել են 11.5%-ով, բրնձինը՝ 4.0%-ով, իսկ 2023 թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.3% և 0.8% գնաճ:
ՀՀ սպառողական գներ, 2023 թվականի նոյեմբեր
© Sputnik / Vahram Mkrtchyan
Տավարի մսի գինը 2023 թ. նոյեմբերին 2022 թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, թարմ կաթինը՝ 3.4%-ով, մինչդեռ խոզի և ոչխարի մսերի գները նվազել են 11.0% և 2.0%- ով:
Ձվի գինը 12 ամսում աճել է 0.8%-ով, ալկոհոլային խմիչքի գները` 5.9%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 11.4%-ով:
Ինչ վերաբերում է փոխարժեքին, ապա 2023 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գների 0.5% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի փոխարժեքի 0.4% նվազմամբ (ՀՀ դրամն արժևորվել է):