Գեղարքունիքում 28-ամյա կինը դանակահարել է 29-ամյա տղամարդուն

Ձեռնաշղթա
Կինը տղամարդուն հարվածել է խոհանոցային դանակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում 28-ամյա կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է 29-ամյա տղամարդուն։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանությունը դեկտեմբերի 5-ի կեսգիշերին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ակունք գյուղի 29-ամյա մի բնակիչ: Նա հայտնել է, թե ընկել է իրենց տան տանիքից:
Ոստիկանները պարզել են, որ դեկտեմբերի 4-ի ուշ երեկոյան Արտանիշ գյուղի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 28-ամյա տանտիրուհին խոհանոցային դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել ակունքցի 29-ամյա երիտասարդին:
28-ամյա կինը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:
Սուրենավանում թափառող շները հարձակվել են երեխաների վրա. 7 տարեկան տղան մահացել է