Ցմահ ազատազրկում. ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայողի պատիժը խստացվել է

Հուսեյն Ախունդով
Տուժող կողմը համաձայն չէր առաջին ատյանի դատարանի վճռին և բողոք էր ներկայացրել՝ պահանջելով ցմահ ազատազրկման դատապարտել ադրբեջանցուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածք ներխուժած և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվել է։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը։
«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման»,– գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` Ախունդովը ապրիլի 12-ին Կապան համայնքի Շղարշիկ գյուղի մոտ սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին:
Հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցին սպանելու մեջ մեղադրվող Հուսեյն Ախունդովին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։