2 տարվա պայքարից հետո Նանե Ասատրյանը վերականգնվեց Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում

Դատարանի որոշմամբ՝ Ասատրյանը նաև պետք է փոխհատուցում ստանա հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Գրեթե 2 տարի տևած դատական գործընթացներից հետո Նանե Բագրատունի–Ասատրյանը վերականգնվեց Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում։ Այսօր հրապարակվեց վարչապետի համապատասխան որոշումը։
«Իմ նպատակը պաշտոնում վերականգնվելը չէր, այլ հղի կնոջ, առհասարակ կնոջ, նորածին երեխայի իրավունքի պաշտպանությունը»,- Sputnik Արմենիայի հետո զրույցում նշեց Նանե Ասատրյանը։
Նա մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի նոյեմբերի 9-ին, աշխատել 3 մարզպետների օրոք։ Շեշտում է՝ որևէ մարզպետի հետ չի ունեցել ո՛չ անձնական, ո՛չ էլ գործնական կոնֆլիկտ, ազատման որոշումն իր համար անակնկալ էր, պատճառը՝ անհայտ նույնիսկ 2 տարի անց։ Նանե Ասատրյանն ազատվեց աշխատանքից 2021 թվականի հունիսի 30-ին, երբ հղիության 6-րդ ամսում էր, ընդամենը 20 օրից՝ հուլիսի 20-ին, պետք է անցներ հղիության և ծննդաբերության արձակուրդի (ֆիզարձակուրդ):
«Խախտվեցին ոչ միայն հղի կնոջ իրավունքները, այլև նորածին բալիկիս․ ես նաև մայրության նպաստ չստացա»,- նշում է Ասատրյանը։
Աշխատանքից ազատվելիս նաև արձակուրդի գումար չի ստացել։ Ազատման համար որևէ հիմնավորում չի նշվել։
«Այն ժամանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է՝ քաղաքական թիմն այդպես է որոշել։ Ես կուսակցական չեմ եղել, հիմա էլ չեմ, որևէ հիմնավորում այդպես էլ չստացա»,-նշում է Ասատրյանը։
Ինչպե՞ս լրագրողը դարձավ փոխմարզպետ. Sputnik–ի հյուրը Նանե Բագրատունի–Ասատրյանն է
Իրավունքները վերականգնելու համար Նանե Ասատրյանը դիմել է Առաջին ատյանի դատարան, որը, վկայակոչելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, բողոքը մերժել է: Որոշումը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարանում։
Վերաքննիչ վարչական դատարանը մեկ տարի անց՝ 2023թ. մարտի 3-ին, Նանե Ասատրյանի օգտին որոշում կայացրեց: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացրին թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Վայոց Ձորի մարզպետարանը: Վճռաբեկ դատարանը, սակայն, որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի որոշումը։
Ըստ որոշման՝ Նանե Ասատրյանը ոչ միայն պետք է վերականգնվի մարզպետի տեղակալի պաշտոնում, այլև ստանա փոխհատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։
«Այսօրվա որոշումն իրավունքի հաղթանակ է, ոչ թե պաշտոն։ Սա, կարծում եմ, նախադեպային է կնոջ իրավունքի առումով։ Քաղաքական պաշտոններ կարող են և պետք է զբաղեցնեն նաև կանայք, որոնք կարող են ամուսնանալ, հղի լինել, մայրանալ, և դա չպետք է ընկալվի որպես թուլություն»,- շեշտում է Ասատրյանը։
Վստահ է՝ եթե մեր պետական մարմիններում ավելի շատ լինեն կանայք և մայրեր, բազմաթիվ հարցեր ավելի ապահով կլուծենք և ամուր կլինենք։
Բագրատունի. «Վերջին 2 տարում ընդունելությունը վերածվել էր օրինական «կաշառքի» օրվա»
Վաղը ժամը 9-ին պատրաստվում է աշխատանքի ներկայանալ։ Դեռ չգիտի՝ համակարգելու է նույն ոլորտնե՞րը, ինչ նախկինում էր, թե՞ նորերն են ավելանալու։ Մտավախություն չունի, որ կարող է աշխատավայրում տարաձայնություններ լինեն, քանի որ ինքն, ըստ էության, դատարանի որոշմամբ է վերադառնում մարզպետարան։ Ասատրյանը նշեց՝ աշխատանքից ազատվել էր, բայց մարդկային լավ հարաբերությունները պահպանվել էին աշխատակիցների հետ, շատերը սպասում են իր վերադարձին։ Մարզպետը ևս տեղեկացված է որոշման մասին, արդեն պայմանավորվել են, որ վաղվանից աշխատանքի է անցնելու։ Վստահ է՝ աշխատանքային նորմալ մթնոլորտ է լինելու։