ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. «Հյուսիս-Հարավ» լոգիստիկ ծրագրի շրջանակներում Քաջարան-Մեղրի հատվածի շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս։ Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը՝ ելույթ ունենալով «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» համաժողովում։
Հոկտեմբերին համաձայնագիր ստորագրվեց Ագարակ-Քաջարան նոր ճանապարհի կառուցման մասին (Իրանի սահմանից դեպի Սյունիքի մարզի կենտրոն): Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (ԿԶԵՀ) ստացված վարկով շինարարությունը կիրականացնի իրանական Abad Rahan Pars և Tunnel Sad Ariana ընկերությունների կոնսորցիումը։
«Դա թույլ կտա ավելացնել ենթակառուցվածքային հզորությունները երկրի հարավում և համապատասխանեցնել դրանք միջազգային չափանիշներին։ Մենք ակնկալում ենք 2024 թվականին սկսել երկու կարևոր թունելների՝ Մեղրիի լեռնաշղթայի 7 կմ հատվածի, ինչպես նաև Սիսիան-Քաջարան հատվածի աշխատանքները»,-ասել է Ղալեչյանը։
Հիշեցնենք, որ Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ նոր ճանապարհն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով։ Այն կներառի 27 կամուրջ՝ 4,7 կմ ընդհանուր երկարությամբ և 9 թունել՝ 12,5 կմ ընդհանուր երկարությամբ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ)։ «Հյուսիս-Հարավ» նախագիծը թույլ կտա իրանական սահմանից մինչև վրացական սահման հեռավորությունը 556-ից կրճատել մինչև 490 կմ, կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի և Պարսից ծոցի ավազանի երկրների համար: Ճանապարհի շինարարությունը, ենթադրաբար, կավարտվի 2030 թվականին։