Դիլիջանի ազգային պարկում հրդեհը չի հաջողվում մարել

Դիլիջանի ազգային պարկում հրդեհը չի հաջողվում մարել
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնակցում է 260 փրկարարական ծառայող, պարկի 35 աշխատակից և 40 բնակիչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում արդեն 2-րդ օրն է՝ հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Դեկտեմբերի 5-ին «Դիլիջանի ազգային պարկի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնկացում են ՆԳՆ ՓԾ տարբեր մարզերի կենտրոնների մոտ 260 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 35 աշխատակից և հարակից բնակավայրի 40 բնակիչ»,- ասված է հաղորդագրությունում։

Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում մոտ 1 կմ բարձրության վրա։
Աշխատանքներին ներգրավված է 32 միավոր փրկարարական և անտառտնտեսության 9 միավոր տեխնիկա։
Դեպքի վայրում են ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանը, փ/ծ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը, Փրկարար ծառայության ուսումնական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Նշվում է, որ այրվում են խաշամ և փայտի թափուկներ։