ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Իրանը հավատում է, որ հաղորդակցության ուղիները` Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստը և դեպի ՀՀ ու Սև ծով, վստահելի ճանապարհ կտրամադրեն դեպի Եվրոպա ապրանքների տեղափոխման համար։ «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այս ուղու զարգացումը ՀՀ–ին և Իրանին կապահովի արտաքին վտանգներից։ Մենք հենց այս համատեքստում ընդգծում ենք Հնդկաստանի դերը Չաբահարի նավահանգստի զարգացման համատեքստում ու ողջունում ենք ՀՀ մասնակցությունը»,– ասաց դեսպանը։
Նա նաև նշեց, որ հավատում է` եթե երկրներն ունենան ավելի շատ հաղորդակցության ուղիներ, ապա կարող են ավելի մեծ նշանակություն ձեռք բերել միջազգային համակարգում։
«Սա նոր ուժի հայեցակարգն է, և ողջում ենք այն նոր քայլերը, որոնք ՀՀ կառավարությունը ձեռնարկել է հանուն խաղաղության և անվտանգության։ Մենք սատարում ենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կայուն ու տևական խաղաղությունը տարածաշրջանում։ Կեցցե ՀՀ–ն, կեցցե Իրանը»,– իր խոսքը եզրափակեց Մեհդի Սոբհանին։
Հիշեցնենք, որ Հայաստանն աշխատում է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ՝ Իրանի և Հնդկաստանի միացմամբ։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։
Առաջին անգամ չընդհատվող երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես, նա հայտարարել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ Սև ծովով։ Նույն ժամանակ էլ Երևանն ու Նյու Դելին բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։