ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անցել է Գազայի հատվածում ցամաքային գործողության երրորդ փուլին։ Այս պահին ցամաքային ուժերը շրջապատում են Գազայի հարավի ամենամեծ քաղաքը՝ Խան Յունիսը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին։
«Պատերազմի սկսվելուց 60 օր անց մեր ուժերը շրջապատում են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս շրջանը։ Միաժամանակ մենք շարունակում ենք ամրապնդել մեր դիրքերը Գազայի հյուսիսում։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ զինյալներ, այդ թվում՝ հրամանատարներ: Մենք անցել ենք ցամաքային գործողությունների երրորդ փուլին», - ասել է Հալևին։
Նրա խոսքով` ովքեր կարծում էին, թե ՑԱԽԱԼ-ը դժվարություններ կունենա մեկշաբաթյա հրադադարից հետո ռազմական գործողությունների վերսկսման հարցում, սխալվել են։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: