Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են արդարադատության նախարարության և գերագույն դատարանի շենքը, որը ՀԱՄԱՍ շարժման կառավարման խորհրդանիշներից մեկն էր: Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոն։
Դատական համալիրի պայթեցման ամսաթիվը չի հաղորդվում։
Անցած ուրբաթ առավոտյան Իսրայելի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև զինադադարի ժամկետը լրացել է, դրա երկարաձգման մասին պաշտոնապես չի հայտարարվել: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին առաջին պայմանավորվածությունն էին ձեռք բերել հոկտեմբերի 7-ին հակամարտության սրումից ի վեր: Քառօրյա հրադադարը սկսեց գործել նոյեմբերի 24-ին, այնուհետև այն երկու անգամ երկարաձգվեց, նախ երկու օրով, ապա՝ ևս մեկ: