ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ թանկարժեք մետաղների և քարերի պետական պահուստի պահպանությունն ուզում են ֆինանսների նախարարությունից փոխանցել այլ գերատեսչությունների։ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում և կներկայացվի լիագումար նիստում։
Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը հանձնաժողովում իր ելույթի ժամանակ նշեց, որ ավելի ճիշտ կլինի այդ գործառույթները պատվիրակել պրոֆիլային գերատեսչություններին։ Մետաղների և քարերի այն մասը, որը զուտ շուկայական արժեք է ներկայացնում, առաջարկվում է հանձնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (որպեսզի դրանք կառավարի այնպես, ինչպես ցանկացած այլ պետական գույք)։
Այն փոքր մասը, որը պատմամշակութային արժեք է ներկայացնում, առաջարկվում է փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (քանի որ հիմնականում այդ քարերն օգտագործում են թանգարանային ցուցադրություններում):
Նախարարը նաև նշեց, որ պաշարների առաջին մասի (որը զուտ շուկայական արժեք ունի) արժեքը կազմում է մոտ 1,5 մլրդ դրամ, ընդ որում՝ վերջին տարիներին այն չի համալրվել: Պաշարների երկրորդ մասը դժվար է գնահատել, քանի որ բարդ է որոշել դրանց մշակութային արժեքը։
Նա հստակեցրեց, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ֆինանսների նախարարության պահեստին, ոչ թե ՀՀ կենտրոնական բանկին, որը շարունակում է իր հայեցողությամբ կառավարել իր պաշարները:
Նշենք, որ մոտ 20 տարի Հայաստանի միջազգային պահուստներում ոսկի չկա, և ո՛չ ԿԲ–ն, ո՛չ ֆինանսների նախարարությունը որևէ գործողություն չեն իրականացնում թանկարժեք մետաղներով կամ քարերով։