Կգա այն օրը, երբ ես կդառնամ չեմպիոն. Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին

ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում կայացել է UFC Fight Night մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հայ մարզիկ Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է ամերիկացի Բենեիլ Դարիուշին։
Sputnik
Միացյալ նահանգներում կայացած մենամարտում «Ախալքալաքցի» մականունը կրող Ծառուկյանը Դարիուշի հետ մենամարտի 1-ին ռաունդը սկսելով «հետախուզությունով»՝ ակնթարթորեն գրոհ անցկացրեց ու մրցակցին նոկաուտի ենթարկեց։
Մենամարտի ավարտից հետո ծածանելով Հայաստանի դրոշը, Ծառուկյանը նշել է՝ հուսով է, որ հաջորդ մենամարտը արդեն չեմպիոնական գոտու համար կլինի․
«Ես պատրաստ եմ մենամարտել թոփ մարզիկների հետ, և կգա այն օրը, երբ ես կդառնամ չեմպիոն, հավատացեք ինձ», - ասել է Ծառուկյանը։
Արման Ծառուկյանը UFC-ում հանդես է գալիս արդեն 4,5 տարի, և իր առաջին մենամարտը անցկացրել է 2019 թվականին՝ հայտնի Իսլամ Մախաչևի հետ։
Այժմ արդեն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ծառուկյանը UFC-ում անցկացրել է 10 մենամարտ և հաղթել 8-ում, ընդ որում 4 մենամարտերում Արմանը հաղթանակ է տոնել ժամանակից շուտ։