Երևանում անչափահասի մասնակցությամբ վեճ և դանակահարություն է տեղի ունեցել

Արխիվային լուսանկար
Տեղի ունեցած վիճաբանությունից հետո 15–ամյա և 19–ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանում անչափահասի մասնակցությամբ վեճ է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ երեկ` ժամը 19:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել տղա երեխա: Կարճ ժամանակ անց նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում գտնվող այգուց:
Դեպքի վայրում հայտնաբերվել է BMW մակնիշի ավտոմեքենա, որի սրահում և դրսում՝ արնանման հետքեր:
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 15-ամյա Գոռ Հ.-ն և 19-ամյա Ռուբեն Մ.-ն»,–գրում է կայքը:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: