Շուրջ 3 հազար փաստաբան Իսրայելի դեմ դիմում են ներկայացրել ՄՔԴ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ 3 հազար փաստաբան, այդ թվում՝ թուրք, դիմում են ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ կապված Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետ: Տեղեկությունը հայտնում է «Anadolu» գործակալությունը։
«Մոտ երեք հազար փաստաբաններ անհրաժեշտ դիմումներ են ներկայացրել Հաագայի ՄՔԴ։ Ստամբուլից մեր պատգամավոր Ջունեյթ Յուքսելը նրանց թվում է», - ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հավելել է՝ Թուրքիայում ակնկալում են, որ «Գազայի մսագործները, ցեղասպանության հեղինակները, հատկապես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն» պատիժ կկրեն:
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ չի ճանաչում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը որպես ահաբեկչական կազմակերպություն՝ վստահեցնելով, որ իր դիրքորոշումը երբեք չի փոխվի:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։