Ռազմական գործողությունների վերսկսումից հետո Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 193-ի

Իսրայելի պաշտպանության բանակը երեկվանից վերսկսել է ռազմական գործողությունները։
Sputnik
Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը ռազմական գործողությունների վերսկսումից հետո հասել է 193-ի: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան։
«Հումանիտար հրադադարի ավարտից հետո իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 193 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 652 մարդ», - ասել է նա։
Նախարարի խոսքով ՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունների զոհ է դարձել ավելի քան 15,2 հազար մարդ, տուժել է 40,6 հազարը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում