ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանի դեմ աշխատում է ՔՊ–ական ռազմապատժիչ հանձնաժողովը։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով` Ալավերդիում իշխանական ՔՊ–ն ցանկանում է տապալել «Ապրելու երկիր» և ՀԱԿ կոալիցիոն հուշագրով ընտրված համայնքի ղեկավարին` այդ նպատակով օգտագործելով քննչական ու ուժային մարմինների ռեսուրսը։
Ըստ նրա` քննչական մարմինները, մասնավորապես` Հակակոռուպցիոն կոմիտեն, տարբեր գործիքներով ճնշումներ են գործադրում ավագանու ընդդիմադիր անդամների ու ղեկավարի վրա, ապօրինի քրեական գործեր հարուցում, ճնշում գործադրում, որ նրանք անցնեն իշխանության կողմը։
«Արդյունքում այսօր գործում է ոչ թե ՀՀ ԿԸՀ, այլ ընտրապատժիչ հանձնաժողով, քանի որ ԿԸՀ–ն սկսել է համագործակցել քննչական մարմինների հետ։ Ավելին` ես դա կանվանեի ռազմապատժիչ հանձնաժողով, քանի որ այս արշավին միացել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա անձամբ ղեկավարում է այդ ճնշումների կոորդինացիան` շատ հաճախ օգտագործելով ՊՆ–ի ու բանակի ռեսուրսները այդ ճնշումներն իրականացնելու նպատակով»,– հայտարարեց Զուրաբյանը։
Նրա խոսքով` ՔՊ–ն տարբեր ձևերով փորձել է ազդել Ալավերդիի ընդդիմադիր ավագանու անդամների վրա, որ կոալիցիա կազմեն իշխանության հետ` կրիմինալ աշխարհի կողմից սպառնալիքներով, քաղաքական կաշառք առաջարկելով։
Հիշեցնենք` 2022–ի սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» չէր հաղթահարել անցողիկ շեմը։ Սակայն ՀԱԿ–ը 1 մանդատ ստացավ, որովհետև, օրենքի համաձայն, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։
Հոկտեմբերի 12–ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանն Ալավերդու համայնքապետ ընտրվեց։
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նրա մրցակիցը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր։