ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Ավան վարչական շրջանի տներից մեկում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 25–ին Ավան 7-րդ փողոցի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 29–ամյա Ա. Զ.–ն այրվածքներով հոսպիտալացվել է։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր։
Ոստիկանությունից հայտնում են, որ 29–ամյա երիտասարդը նշված տանը վարձակալական հիմունքներով էր բնակվում:
«Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ից դեկտեմբերի 1–ին հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
`