ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Կալանավորվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ–ի «Մուշական–Ջրաշեն» գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող Հ. Ղ.–ն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեից հայտնում են, որ գերեզմանատան վարիչը երեք տարբեր անձանցից տարբեր չափերի կաշառք է ստացել ազգականներին հուղարկավորելու նպատակով նախընտրելի տարածքներում գերեզմանատեղիներ տրամադրելու համար։
2023 թ. մայիսի 22–ից հունիսի 9–ն ընկած ժամանակահատվածում նա միջնորդների միջոցով և գերեզմանատան բանվորի օժանդակությամբ այդ անձանցից ստացել է համապատասխանաբար 500.000, 200.000 և 600.000 դրամ կաշառք:
«Հանցավոր արարքները կատարելու կասկածանքով 2023 թ. նոյեմբերի 30–ին քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ գերազմանատան վարիչը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Գերեզմանատան վարիչ Հ. Ղ–ին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով կաշառաք ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Մյուս 5 անձին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: