Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են ևս մեկ օրով երկարաձգել հրադադարը. ԶԼՄ

Գազայի հատված
Ըստ լրատվամիջոցի` կողմերը պայմանավորվել են ևս 10 պատանդ ազատ արձակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են ևս 1 օրով երկարաձգել հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal»–ը՝ հղում անելով եգիպտացի պաշտոնյաներին:
«Սպասվում է, որ պայմանավորվածության արդյունքում ազատ կարձակվեն ևս 10 պատանդներ, հիմնականում` կանայք և երեխաներ», - գրում է թերթը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Բլինկենն ու Նեթանյահուն քննարկել են պատանդներին ազատելու ջանքերը