ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Դատարանը որոշեց երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառել գրավ ու վարչական հսկողություն։ Այդ մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ ասաց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ դատարանը մասնակի է բավարարել բողոքը. ընտրվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցություն գրավ և վարչական հսկողություն։
«Մեր դիտարկմամբ՝ դրա կիրառման հիմքերը ընդհանրապես չկային, որովհետև ստեղծված իրավիճակում բացարձակ որևէ խափանման միջոց կիրառելու որևէ հիմնավորում գոյություն չուներ։ Պետք է դիտարկենք այդ որոշման շրջանակներում մեր գործողությունները»,–ասաց Պողոսյանը։
Այս պահին Գրիգորի Խաչատուրովը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նրա փաստաբաններից Հակոբ Ենոքյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ գրավի չափը կազմում է 20 մլն դրամ, որը վճարելուց հետո Խաչատուրով ազատ կարձակվի։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։