2023 թվականի 11 ամիսների ընթացքում ճանապարհային ոստիկանները և պարեկային ծառայողները կազմել են անվտանգության գոտիները չամրակապած մեքենա վարելու 66790 վարչական իրավախախտում, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 16 հազարով ավելի է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումից հետո անվտանգության գոտի չկապելը ավտովթարներից մահացության 2-րդ պատճառն է։ Ամրակապված վարելը նվազեցնում է վթարի դեպքում մահվան կամ լուրջ վնասվածքների հավանականությունը՝ վարորդներին և ուղևորներին ճիշտ դիրքում պահելով անգամ ինքնավթարի և կողաշրջման պարագայում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ հաճախ են հանդիպում դեպքեր, երբ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են, բայց իրականում վարորդը ամրագոտին գցում է նստարանի թիկնակին:
Հիշեցնենք, որ 2022 թվականին հանրապետության տարածքում ճանապարհային ոստիկանները և պարեկային ծառայողները կազմել են անվտանգության գոտիները չամրակապած մեքենա վարելու և չամրակապված ուղևոր փոխադրելու 50131 վարչական իրավախախտման արձանագրություն։