ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Ամերիկացի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Թալեբը Երևանում թվարկեց այն երեք պոտենցիալ սպառնալիքները, որոնց կարող է բախվել մարդկությունը առաջիկա տարիներին: Միևնույն ժամանակ նա ռիսկերին դիմակայելու հնարավորությունը համեմատեց ինքնաթիռի թռիչքի և փոթորիկը հաղթահարելու դրա պատրաստականության հետ: Թալեբը նշեց, որ երկար տարիներ թրեյդեր է աշխատել և առաջին հերթին կենտրոնանում է ռիսկերի գնահատման վրա, փորձում է հասկանալ՝ արդյոք գործարարները գիտեն, թե ինչպես են իրենց ընկերությունները դիմանալու փոթորկին:
Հնարավոր սպառնալիքների թվում Թալեբը նշեց համավարակը։
«Ես դեռ կորոնավիրուսից առաջ եմ համաճարակի մասին խոսել իմ «Սև կարապը» գրքում։ Մարդիկ ոչ միշտ գիտեն, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Եվ մենք տեսանք, որ դա ռիսկի մեծ աղբյուր է, քանի որ կարող են տարբեր համաճարակներ բռնկվել», - ասաց Թալեբը։
Երկրորդ ռիսկը կարող է լինել ֆինանսական համակարգի փլուզումը։ Նա հիշեցրեց 2008 թվականի ճգնաժամը, որը շատ ավելի բացասաբար անդրադարձավ մարդկանց կյանքի վրա, քան մահացու հիվանդությունները։ Այն մեղմելու և դրան հակազդելու համար միջոցներ են անհրաժեշտ։ Այժմ ԱՄՆ-ում ամենամեծ ռիսկը կապված է անշարժ գույքի շուկայի փլուզման հետ։
Երրորդը արևմտյան երկրների պարտքի աճի վտանգավոր տեմպերն են։
«Եթե ձեզ ասում են, որ ռիսկերը կապված են Չինաստանի, ուկրաինական պատերազմի, Գազայի հատվածի հետ, ապա այնքան էլ այդպես չէ», - ասաց նա:
Նա պարզաբանեց, որ ճգնաժամերը սարսափելի չեն, եթե երկրի տնտեսությունը ֆինանսապես ուժեղ է։