ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Դևվիդ Քեմերոնի հետ քննարկել է վերջերս մեկնարկած հայ-բրիտանական ռազմավարական երկխոսությունը։ Այդ մասին Միրզոյանը հայտնել է X-ում։
Հանդիպումը կայացել է Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ԵԱՀԿ ԱԳՆԽ 30-րդ նստաշրջանի շրջանակներում:
«Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի հետ մտքեր փոխանակեցինք մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, քննարկեցինք վերջերս սկսված ռազմավարական երկխոսությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին հայտարարել են երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին: Լոնդոն կատարած այցի ընթացքում հայ նախարարը ստորագրել է մի փաստաթուղթ, որը ներառում է փոխգործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական բարեփոխումները, պաշտպանությունը և անվտանգությունը, միգրացիան և սահմանների վերահսկողությունը, առևտուրը:
Նշենք, որ Սկոպյե այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳՆԽ նստաշրջանին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։