Իսպանիայի վարչապետի խոսքերից հետո Իսրայելը հետ է կանչել իր դեսպանին

Իսրայելի դրոշ
Իսրայելի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ Իսպանիայի վարչապետը Թել Ավիվի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի՝ Գազայի հատվածում հակամարտության մասին հայտարարություններից հետոԻսրայելը խորհրդակցությունների համար հետ է կանչել Մադրիդում իր դեսպանին։
Ավելի վաղ Սանչեսը TVE հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր` հաշվի առնելով Գազայում զոհված քաղաքացիական անձանց թիվը, կասկածներ կան Իսրայելի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման հարցում: Սանչեսը խոսել էր նաև Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին և ասել, որ եթե Իսպանիան դեռ չի արել դա, ապա միայն այն պատճառով, որ սպասում է, թե երբ այդ որոշումը կկայացվի Եվրամիության կողմից:
«Իսպանիայի վարչապետի ասածից հետո, որը կրկնում է անհիմն մեղադրանքները, որոշեցի զանգել Իսպանիայում Իսրայելի դեսպանին և խորհրդակցությունների համար հետ կանչել նրան Երուսաղեմ։ Իսրայելը գործում է և գործելու է միջազգային իրավունքին համապատասխան, և մենք կշարունակենք պատերազմը մինչև բոլոր առևանգվածների ազատ արձակումը և Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի վերացումը», - գրել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը X սոցիալական ցանցում:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հանձնարարել էր արտգործնախարարին կանչել Իսրայելում Իսպանիայի դեսպանին՝ Սանչեսի արտահայտությունների հետ կապված բացատրական զրույցի համար:
Անցյալ շաբաթ Եգիպտոս կատարած այցի ժամանակ Սանչեսը հայտարարել էր, որ Գազայում ժամանակավոր հրադադարը բավարար չէ, ուստի անհրաժեշտ է մշտական հումանիտար համաձայնության գալ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Բլինկենն ու Նեթանյահուն քննարկել են պատանդներին ազատելու ջանքերը