ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուս գիտնականները շարունակում են նոր տարրերի որոնումները, որոնք կարող են համալրել Մենդելեևի պարբերական աղյուսակը։ Այս մասին հայտարարել է ռուսաստանցի անվանի ֆիզիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) Գ․Ն․ Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը երիտասարդ գիտնականների 3-րդ կոնգրեսի «Բաց խոսափողի» նստաշրջանում:
Երիտասարդ գիտնականների կոնգրեսն անցկացվում է նոյեմբերի 24-30-ը «Սիրիուս» դաշնային տարածքում (Կրասնոդարի երկրամաս):
«Կոնգրեսի նստաշրջանին առցանց միանալուց անմիջապես առաջ ես մասնակցում էի գիտական խորհրդի աշխատանքներին, որի ժամանակ հարց բարձրացվեց, թե ինչպես ենք մենք հետագայում բնության մեջ փնտրելու ծանր տարրերը: Այնպես որ, հարցը բաց է, պետք չէ վերջակետ դնել։ Սպասեք: Այն, որ բնության մեջ նոր տարրեր չենք կարողանում գտնել, խոսում է այն մասին, որ վատ ենք փնտրել»,-ընդգծել է գիտնականը՝ առցանց ռեժիմով պատասխանելով կոնգրեսի մասնակիցների հարցերին:
Սա, նրա խոսքով, վկայում է գիտնականների օգտագործած մեթոդների անբավարար արդյունավետության մասին։ Ներկայում գիտնականները հասել են զգայունության ստորին շեմին՝ ուրանի զանգվածից 23 կարգ պակաս։ Արդյունքներ դեռ չկան, բայց փորձերը շարունակվում են։
Համագումարի մասնակիցների հարցերից մի քանիսը վերաբերում էին ոչ միայն գիտական աշխատանքին, այլև գիտնականի անձին, հասարակության մեջ և ժամանակակից աշխարհում նրա տեղին:
«Յուրաքանչյուր մարդ գիտնական առաջին հերթին հասարակության անդամ է։ Գիտնականը համապատասխանում է այն հասարակությանը, որում նա ապրում է: Ե՛վ մտքով, և՛ հոգով, և՛ գործով: Եվ այն խնդիրները, որոնց նա բախվում է այս հասարակության ներսում, ոչնչով չեն տարբերվում այն խնդիրներից, որոնք ստիպված են լուծել գիտական գործունեությունից հեռու քաղաքացիները: Ինձ թվում է` գիտնականը միշտ կարծում է, որ ինքը քիչ միջոցներ ունի և ավելի շատ է պետք: Գուցե և դա լավ է: Այսինքն՝ նա ավելի լայն է մտածում»,-նկատել է անվանի ֆիզիկոսը։
Հովհաննիսյանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Մենդելեևի աղյուսակի նոր տարրերի սինթեզի և դրանց հատկությունների ուսումնասիրության շնորհիվ։
Նրա ղեկավարությամբ առաջին անգամ սինթեզվել են 113-ից 118 ատոմային համարներով քիմիական տարրերը։ Նա ներկայում միակ ողջ մարդն է աշխարհում, որի անունով Մենդելեևի աղյուսակի տարր է կոչվել՝ Og 118 (Օգանեսոն) տարրը։ Գիտնականը դարձել է Մենդելեևի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի առաջին դափնեկիրը: Նա նաև հիմնել է Oganesson մրցանակը ՝ ի աջակցություն գիտնականների և գիտությունը մասսայականացնողների։
Երիտասարդ գիտնականների կոնգրեսը Գիտության և տեխնոլոգիաների տասնամյակի առանցքային իրադարձություն է։ Տասնամյակը հայտարարվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով՝ հասարակության և երկրի զարգացման կարևորագույն խնդիրների լուծման գործում գիտության և տեխնոլոգիաների դերի ամրապնդման համար: Կոնգրեսը հանդես է գալիս որպես առաջատար և հիմնային գիտության, պետական իշխանության և տնտեսության իրական հատվածի երկխոսության ամենամեծ հարթակ և սահմանում է Ռուսաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացման հիմնական վեկտորները: