Հայաստանում հրաժեշտ տվեցին Թամանյան դիվիզիայի վերջին մարտիկին

Անդրանիկ Գևորգյան
Հայաստանում հրաժեշտ տվեցին Թամանյան դիվիզիայի վերջին մարտիկ Անդրանիկ Գևորգյանին։ Վետերանը 102 տարեկան էր։ Իր երկար կյանքի ընթացքում նա ունեցել է ութ երեխա, 73 թոռ և ծոռ, և նույնիսկ երկու ծոռնորդի:
Sputnik
Հայրենական Մեծ պատերազմի վետերան, ԽՍՀՄ հերոս Անդրանիկ Գևորգյանին հիշում են որպես ամբողջ պատերազմն անցած անվախ մարտիկի, որը գերությունից ազատել է 25 հայ զինվորի և ամբողջ կյանքը նվիրել է հայրենի Արագածոտնի մարզի Շենավան գյուղին:
89-րդ Թամանյան դիվիզիայի կազմում մարտիկը անցել է Հայրենական Մեծ պատերազմի չորս փուլ, եղել է հրետանավոր, հասել է Բեռլին։ Գևորգյանը երեք անգամ վիրավորվել է մարտերի ժամանակ։ Իր ներդրումն է ունեցել Նովոռոսիյսկի, Թամանի թերակղզու, Կերչի, Սևաստոպոլի ազատագրման գործում։ Գևորգյանը Ռայխստագի մոտ հայկական քոչարի պարող զինվորների թվում է եղել։

Հերոսի ուղին

Անդրանիկ Ներսեսի Գևորգյանը ծնվել է 1921թ.-ի մայիսի 9-ին, Արագածոտնի մարզի Շենավան գյուղում: Նրա նախնիները 1830 թվականին Արևմտյան Հայաստանից տեղափոխվել էին Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Ապարանի շրջանում։ Գևորգյանը մանկուց առաջնորդի որակներ է ունեցել ու այդպիսին ճանաչվել երիտասարդների շրջանում, ակտիվորեն մասնակցել է տնտեսության աշխատանքներին:
Անդրանիկ Գևորգյան
1941 թվականի հունիսի 22-ին Գևորգյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, ընդգրկվել է լեգենդար 89-րդ Թամանյան դիվիզիայում, որը սկսել էր ձևավորվել 1941 թվականի սեպտեմբերին։ Գևորգյանի համար ամենադաժանը Կերչի ճակատամարտն է եղել։
«1943-ին Կերչում կրծքավանդակի շրջանում բեկորային վնասվածք ստացա։ Գրպանումս ածիլվելու հայելի կար, որն ինձ լենինգրադցի մի ռուս ընկեր էր տվել։ Հայելին փշուր-փշուր եղավ։ Մինչև հիմա կրծքավանդակիս վրա սպին կա»,-հիշում էր նա հարցազրույցներից մեկում։
Կերչի ազատագրումից հետո, որի համար շատ հայեր իրենց կյանքը տվեցին, Թամանյան դիվիզիան ուղևորվեց Սևաստոպոլ։ Գևորգյանը, ինչպես բոլոր վերապրողները, չէր սիրում խոսել պատերազմի և այդ օրերի մասին։ Բայց հատկապես հիշում էր 1944 թվականի ապրիլի 10-ի առավոտը։
Այդ օրը ծանր մարտերից հետո նրանց դիվիզիան կարողացավ ճեղքել թշնամու պաշտպանությունը և մտնել Սևաստոպոլ։
Նրա համար ողբերգական էր նույն թվականի ապրիլի 30-ը, երբ նա կորցրեց երկու ընկերների, որոնցից մեկն իր հայրենակիցն էր Ապարանից, մյուսը՝ Երևանից։
Գևորգյանն առանձնահատուկ հուզմունքով էր պատմում նաև 1945 թվականի ապրիլի 30-ի առավոտվա մասին: Հենց այդ օրը Բեռլինում Թամանյան դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանը ողջ պատերազմի ընթացքում առաջին անգամ ժպտաց։ Նույն օրը հայերը Ռայխստագի մոտ պարեցին ավանդական քոչարին։ Պարողների թվում էր նաև Գևորգյանը։
«Հիշում եմ, թե ինչպես այդ օրը մեզ լավ հյուրասիրեցին գինով և սև չամիչով բրնձով։ 1945 թվականի մայիսի 9-ին Էլբայի ափին, դաշնակիցների զորքերի կողքին մենք նշեցինք մեր Հաղթանակը»,-հիշում էր նա։
Հայրենական մեծ պատերազմի վետերանը Հայաստան է հասել 1945 թվականի օգոստոսի 24-ին։ Էջմիածնում նրան դիմավորել է մայրը։ Ռազմաճակատում իր փրկվելը նա մոր աղոթքներով էր բացատրում։
Պատերազմից հետո Գևորգյանն ավարտել է Ստեփանակերտի անասնաբուժական տեխնիկումը։ Նա հաճախ ասում էր, որ բարձրագույն կրթություն չունի, բայց շատերից լավ գիտի իր ժողովրդի պատմությունն ու իր ժամանակը։
«Ես լավ ընկերներ ունեի։ Ես կոմունիստական կարգերի դարբնոցում կոփված ծերուկ եմ»,-ասում էր նա։
Երիտասարդ տարիներին Գևորգյանը հաճախ էր այցելում Սևաստոպոլ, այնտեղ էլ նշել է իր 95-ամյակը։
Կարմիր Աստղի շքանշանի փառավոր 89-րդ Թամանյան Կարմիր Դրոշի հրաձգային դիվիզիան կազմավորվել է Երևանում 1941 թվականի դեկտեմբերին: Դիվիզիան իր ռազմական ուղին սկսել է Կովկասի նախալեռներից և մասնակցել է Սևաստոպոլի, Բալակլավայի, Կերչի ազատագրմանը։ Թամանի թերակղզում ցուցաբերած հերոսության համար դիվիզիային շնորհվել է «Թամանյան» պատվավոր անվանումը։
Ամբողջ պատերազմի ընթացքում թամանցիներն ազատագրել են ավելի քան 900 բնակավայր: Գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ 89-րդ դիվիզիան առաջիններից մեկն է եղել, որ հատել է ԽՍՀՄ սահմանը, անցել է ամբողջ Լեհաստանով և 1945-ի գարնանը մտել Երրորդ Ռեյխի մայրաքաղաք։ Բեռլինում գերմանական կայազորին հաղթելու համար դիվիզիային շնորհվել է Կուտուզովի երկրորդ աստիճանի շքանշան։ Բալակլավայում, որտեղ գտնվում է 89-րդ դիվիզիայի մարտիկների եղբայրական գերեզմանը, ՀԽՍՀ միջոցներով թամանցիների հուշարձան է տեղադրվել։
Կերչի համար մղված մարտերին մասնակցել է նաև հայկական 390-րդ հրաձգային դիվիզիան, որը ստեղծվելէր 1941թ.-ի սեպտեմբերին: Դիվիզիայի մարտիկները խիզախություն և տոկունություն են ցուցաբերել Ղրիմում: