ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Գյումրիում կասեցվել է արտադրական գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյուլնազարյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում ստուգման ընթացքում պարզվել է, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։
Մասնավորապես՝ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն։ Իսկ արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը, սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով։
«Չի ապահովվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն։ Բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող միջատապաշտպան ցանց, արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով»,-խախտումներն են թվարկում ՍԱՏՄ-ից։
Մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։