Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Կատար կատարած իր երեքժամյա այցի կես ժամն անցկացրել է Կատարի ԱԳ նախարար Սուլթան Ալ-Մուրայչիին սպասելով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին։
«Արևը շողում էր։ Կարմիր գորգը փռված էր։ Բունդեսվերի «Airbus A350»-ի դիմաց կանգնած էր պատվո պահակախումբը։ Այնտեղ էր անգամ Կատարում Գերմանիայի դեսպան Լոթար Ֆրեյշլադերը։ Միակ խնդիրն այն էր, որ Կատարի ոչ մի պաշտոնյա ներկա չէր Դոհայում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի պաշտոնական դիմավորմանը»,- նշում է DW-ն (ՌԴ արդարադատության նախարարության կողմից ներառվել է օտարերկրյա գործակալների ցանկում)։
«Շտայնմայերը մի քիչ մոլորված էր թվում։ Մյուս բոլոր ուղևորներն արդեն դուրս էին եկել ինքնաթիռից: Միայն նախագահն էր ինքնաթիռի դռան մոտ սպասում պաշտոնատար անձանց, որոնք պետք է նրան ողջունեին աստիճանների ներքևում»,- գրում է գերմանական «Stern»–ը։
Գերմանացի լրագրողները միջադեպը բացատրում են նրանով, որ Շտայնմայերի չվերթը նախատեսված ժամանակից շուտ է տեղ հասել։
Գերմանիայի նախագահը Դոհա է մեկնել, որպեսզի Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ քննարկի գերմանացի պատանդներին ազատ արձակելու հարցը: